Թբիլիսիի քաղաքապետարանը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ քաղաքային իշխանության կոմունալ «Թբիլսերվիսգրուպ» ընկերության համար ձեռք է բերել 74 միավոր հատուկ տեխնիկա:
Այս մասին քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է «Թբիլսերվիսգրուպի» և «Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիայի» նոր հատուկ սարքավորումների շնորհանդեսին։
Կալաձեն իր ելույթում ընդգծել է, որ Թբիլիսին զբոսաշրջության առումով եվրոպական մայրաքաղաքների շարքում առաջատար կլինի. դրա համար քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է իրականացնում։
Կալաձեի խոսքով՝ գնված հատուկ տեխնիկայի 59 միավորն արդեն գտնվում է Թբիլիսիում և վաղվանից կսպասարկի մայրաքաղաքին, մնացած 15-ը կժամանեն մի քանի օրից:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին այս աջակցության և համագործակցության համար։ Բոլոր կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները իրականություն են դարձել նրանց աջակցությամբ։ Իհարկե, այդպես կշարունակվի ապագայում ևս»,- ասել է Կալաձեն։
Բացի «Թբիլսերվիսգրուպի» հատուկ սարքավորումներից, «Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիան» համապատասխան լրակազմով և հատուկ մեքենայով խողովակաշարերի և դրենաժային խողովակների ներքին մակերեսը փորձարկող ռոբոտ է գնել։
«Վրաստանում այս տեխնիկան իր նմանը չունի։ Սա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած միակ մունիցիպալ լաբորատորիան է, որը մեզ հնարավորություն կտա վնասվելու դեպքում ժամանել կոնկրետ վնասի վայր և ստիպված չլինել փորել փողոցները»,- ասել է քաղաքապետը։