Այսօր անցկացվել է պաշտպանության նախարարության (ՊՆ) հատուկ գործողությունների ուժերի ցուցադրական զորավարժություն, հայտնում է ՊՆ ֆեսյբուքյան էջը:
Նշվում է, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի գեներալ-մայոր Թոմաս Քարդենը պաշտպանության ուժերի ղեկավարների հետ ծանոթացել է զորավարժությունների ընթացքին: Գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին ամերիկացի հյուրին հյուրընկալել է 4-րդ հետևակային բրիգադի բազմազգ բրիգադի շտաբում։
Զորավարժությանը մասնակցել են Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։ Ստացված պայմանական հետախուզական տվյալների հիման վրա նրանք հայտնաբերել են հետախուզական դիվերսիոն խումբ, որի խնդիրը տարածաշրջանի ապակայունացումն էր։
«Զորավարժություններին մասնակցող երկրների հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները ռեյդ են իրականացրել և համատեղ գործողություններով հաջողությամբ վնասազերծել հակառակորդին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն վեցերորդ անգամ և նպատակ ունեն բարձրացնելու Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունն ու փոխգործունակությունը՝ Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։