Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության համար։
Թբիլիսիում ընթացող «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովի մասնակիցներին Զելենսկիի ուղերձը ներկայացրել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարվա օգոստոսին «Ղրիմի պլատֆորմի» երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գագաթնաժողովը ցույց տվեց ժողովրդավարական երկրների միասնությունն ու ուժը՝ պաշտպանելու Ուկրաինան և միջազգային իրավական կարգը ռուսական ագրեսիայից։ Շատ կարևոր է, որ գագաթնաժողովի մասնակիցները հստակ հայտարարեցին, որ չեն ընդունելու Ռուսաստանի կողմից ուկրաինական թերակղզու օկուպացիան և երբեք չեն ճանաչելու Ուկրաինայի ինքնիշխան տարածքի անօրինական բռնակցումը»,- ասված է նամակում։
Զելենսին նամակում նշել է, որ անհամբեր սպասում է «Ղրիմի պլատֆորմի» շրջանակներում համագործակցության շարունակությանը, մասնավորապես՝ Վրաստանի մասնակցությանը «Ղրիմի պլատֆորմի» առաջին խորհրդարանական գագաթնաժողովին և Սևծովյան անվտանգության համաժողովին։
«Վստահ եմ, որ միասնական ջանքերով մենք կհաղթենք ագրեսորին»,- ասված է նամակում։