Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն, աշնանային լիագումար նիստում դիմելով խորհրդարանի մեծամասնության «Վրացական երազանք» կուսակցութան անդամներին, ասել է, որ 2020-ի խորհրդարանական քարոզարշավից հետո նրանք դարձել են ռուսամետ, հետևաբար` կորցրել են լեգիտիմությունը։
Դեկանոիձեն նշել է, որ նախկինում «Վրացական երազանք»-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը եղել է եվրոպամետ։
Ըստ Դեկանոիձեի, Վրաստանի թեկնածուի կարգավիճակի ձախողման պատասխանատվությունը կրում է «Վրացական երազանք»-ը, և դա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և իշխող կուսակցության «ձեռքբերումն է», որ թեկնածուի կարգավիճակ չեն ստացել։
«Մենք ականատես ենք Վրաստանի նորագույն պատմության ամենամեծ փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել «Վրացական երազանքի» պայմաններում, և սա Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունն է»,- ասել է Դեկանոիձեն։