Գործարար Դավիթ Խիդաշելին, որ ներառվել է ուկրաինական կայքում հրապարակված վրացի գործարարների ցուցակում, որոնց հանդեպ պատժամիջոցներ են պահանջում, ասել է, որ դա սուտ է և զրպարտություն:
Ըստ նրա` դրանք, թերևս, նոր հեքիաթների շարքից են:
«Այդ մեղադրանքներն անհիմն են, գաղափար անգամ չունեմ` խոսքն ինչի մասին է, գոնե մեկ փաստ թող ներկայացվի»,- ասել է Խիդաշելին:
Նշենք, որ ուկրաինական կայքում հրապարակվել է ցուցակ, որտեղ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով տարբեր անձանց հանդեպ պահանջում են պատժամիջոցներ կիրառել։ Ցուցակում նաև վրացի գործարարների ու քաղաքական գործիչների անուններ կան։
Դավիթ Խիդաշելիի մասին կայքում գրված է.
«Դավիթ Խիդաշելին վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկերն է։ Իվանիշվիլին Վրաստանի «ոչ ֆորմալ տիրակալն» է, որը լոբբինգ է անում ի շահ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի, որ շրջանցվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները…»:
Կայքում ընդգծվում է, որ տվյալների բազայի նպատակն է օգնել Ուկրաինայի դաշնակիցներին և արտերկրում գտնվող գործընկերներին` բացահայտելու պատժամիջոցների ենթակա անձանց: Նաև նշվում է, որ նախագծի գործընկերներն են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը։