Վ. Ունանյանց. «Հայ լինելու համար պարտադիր չէ հայերեն իմանալը»

12596425_10209002370202301_1233530543_narmenian@rthall — Հայ մնալու մշակույթ:  «Ինչպես հայ մնալ » հարցին արդեն հինգ տարուց ավել է` փորձում են պատասխանել armenian@rthall  ռուսալեզու առցանց պարբերականի հյուրերը, որոնց թիվն այս հինգ տարիների ընթացքում անցել է 70-ից: Ոմանք կարծում են, որ իրենց համար նման հարց գոյություն չունի, իրենք զարթնում են հայ, ապրում են ինչպես հայը, և սրա համար ամենեւին պարտադիր չէ հայերեն իմանալ, պետք է պարզապես չմոռանալ արմատները:

Ոմանց համար էլ հայ լինելու առաջին պայմանը լեզվի իմացությունն ու նախնիների ավանդույթներով ապրելն է: armenian@rthall  ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Վալերի Ունանյանցը իր իսկ առաջադրած հարցին այսպես է պատասխանում. «Ես կարծում եմ ` հայ մնալն այն է, երբ դու իսկապես հպարտ ես ազգիդ համար, ուրախանում ես նրա հաջողություններով, ցավում ես,  եթե ինչ-որ բան չի ստացվում, ի դեպ, ես ինձ սկսեցի իսկական հայ համարել 2002 թվականից միայն, երբ ներկա էի Հայաստան-սփյուռք երկրորդ միջազգային համաժողովին և մասնակիցների գրանցման ժամանակ ականատեսը եղա, թե ինչպես մի չինացի մաքրամաքուր հայերենով ասաց` «ես հայ եմ»: 

Ունանցյանցն այն ժամանակ հայերեն երկու-երեք բառ գիտեր: Պատմության իմացությամբ էլ չէր փայլում: Այդ օրվանից սկսել է լեզու սովորել, պատմությունն է ուսումնասիրել, տարվել հայկական տեսարժան վայրերով, իսկ 2009-ից սկսեց իրագործել armenian@rthall— ի գաղափարը:  Պարբերականն ութ հիմնական էջ ունի, ամիսը մեկանգամյա պարբերականությամբ մասմաբ կամ ամբողջովին թարմացվում են հոդվածները:

Էջերի շարքում են`  «Մենք հայ ենք», «Մեր հյուրերը», «Հայկական բրենդ», վերջում ամենահամեղ կերակրատեսակների բաղադրատոմսերով` «Հայկական խոհանոց» և այլն:  Ինտերնետային այս էջը տեղեկատվական և ճանաչողական բնույթի է` կապված հայերի ու հայաճանաչության հետ: Հերոսներն այս կամ այն ասպարեզում իրենց խոսքն ասած հայեր են` նկարիչներ, լուսանկարիչներ, գրականագետներ, երաժիշտներ,պոետներ, մարզիկներ, անհատներ ու խմբեր:

«Մենք հայ ենք» խորագրի ներքո օտար ափերում ապրող մեր հայրենակիցների կյանքն է, նրանց առօրյան: Հեղինակը եղել է բազմաթիվ երկրներում, հայտնաբերել այնտեղ ապրող ու արարող հայերի, ծանոթացել նրանց կենսաձևին ու ներկայացրել ընթերցողին.

«Վերջերս եղա Վալենսիայի արվարձաններից մեկում` Միսլատիում: Այստեղ 300 հայ ընտանիք է ապրում, շաբաթը մեկ անգամ, տեղական ռադիոյով նրանց մեկ ժամ եթեր է տրամադվում, հայերենով, հայկական կիրակնօրյա դպրոց է գործում, նրանք շատ էին ուզում իրենց եկեղեցին ունենալ,իսկ փարիզում , օրինակ, Վրաստանից եկած մի խումբ հայեր, որոնց մի մասը Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիան են ավարտել, իրենց ասոցացիան են ստեղծել, որի նպատակն է` Փարիզում հայկական պրոֆեսիոնալ թատրոն հիմնադրելը»: 

Վալերի Ունանյանցն ասում է` երբ այս կամ այն հարցի շուրջ փորփրում է համացանցը, շատ հաճախ աչքին են  զարնում իր իսկ հեղինակած հոդվածներն ու ամսագիրը: Հինգ տարվա ընթացքում Ունանյանցի կայքը կես միլիոնից ավելի այցելու եւ 2 հազարից ավելի մեկնաբանություն է ունեցել: Այսպես օրինակ`  Ղարաբաղում անցկացված` լրագրողական ֆորումի մասին հոդվածը ընթերցվել է քսան հազար անգամ: Ֆոտոշարքերը ևս առավելագույն դիտումներն են ապահովում, լուսանկարների հեղինակը ինքը Վալերի Ունանյանցն է:

Այժմ նպատակ ունի` փոխել կայքի ձևաչափը.  Առաջին հերթին ավելացնել գրադարան, ուր տեղ կգտնեն հայ ստեղծագործողների` չհրապարակված գործերը, քանի  որ միջոցներ չունենալու պատճառով շատ ստեղծագործություններ այդպես էլ ընթերցողին չեն հասնում:  Այս խորագրի տակ տեղ կգտնի նաև հայ կինոյի պատմությունը: Վալերի Ունանյանցի կարծիքով` գործի հաջողության կարևոր պայմանը ընթերցողի հետ կապն է: Եթե չկա այդ կապը, ուրեմն նաև հետաքրքրություն չկա հրապարակումների նկատմամամբ:

Ասում է` երբեմն ցանկանում է թողնել սկսած գործը: Տեղեկատվական այս աղբյուրի համար ֆինանսական աղբյուրներ չկան, կայքի տարեկան ծառայությունների համար վճարում է իր գրպանից, իսկ տպագրելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն կիսատ թողնել այդպես էլ  չի ստացվում, ամեն ամիս հոդվածները թարմանում են, տեղեկատվական աղբյուրներն ավելանում, ընդլայնվում կայքի աշխարհագրությունը,  և ռուսալեզու,  բայց հայաշունչ պարբերականը կրկին հասանելի է ընթերցողին:

 

Թողնել պատասխան