Վրաստանը փոխում է վիզա տրամադրելու ընթացակարգը

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ մտցնել։ Արտաքին գործերի նախարարությունը խոսում է նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը կառավարությունն արդեն ուղարկել է խորհրդարան։

Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը թույլ է տալիս սահմանել Վրաստան մուտքի և կեցության այլ եղանակ, որը նշանակում է, որ կառավարության N256 որոշմամբ սահմանված երկրների համար կացության թույլտվություն և վիզա ունենալու դեպքում օտարերկրացին իրավունք ունի (նշված փաստաթղթերի հիման վրա) մուտք գործել Վրաստան և մնալ 180 օրվա ընթացքում, 90 օրացուցային օր ժամկետով, ինչը չի սահմանափակում ներգաղթային վիզայի համար դիմելու հնարավորությունը։

Ըստ կառավարության՝ պրակտիկան ցույց է տվել, որ վերոնշյալ անձինք չարաշահում են գործող օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը (Վրաստան են մտնում  կարճատև այցով, ոչ թե ներգաղթային նպատակով), դիմում են նախարարություն՝ ներգաղթային վիզա ստանալու համար։

«Հասկանալի է, որ նրանց նպատակը երկարաժամկետ կացության թույլտվություն ստանալն է, որի համար պետք է ունենան օրենքով սահմանված համապատասխան կարգի վիզա, որն իր հերթին անհավասար դրության մեջ է դնում այլ երկրների քաղաքացիներին, միևնույն ժամանակ անվերահսկելի է թողնում պետական ​​անվտանգության տարրը։ Հաշվի առնելով վերը նշվածը, օրենքի նորմերը չարաշահելու դեպքերը բացառելու նպատակով օրակարգ է բերվում օրենքում համապատասխան փոփոխության իրականացման անհրաժեշտության հարցը, որի նպատակն է սահմանափակել վերը նշված կատեգորիայի անձանց շրջանակի համար ներգաղթային վիզայի համար ԱԳՆ դիմելու հնարավորությունը»,- պարզաբանել է կառավարությունը։

Նշենք, որ նոր կարգավորումների շրջանակներում նախատեսվում է շտկել կիրառման ընթացքում հայտնաբերված թերությունները և հստակեցնել մի շարք նորմերի բովանդակությունը։

Մասնավորապես.

  • նշել այն անձանց շրջանակը, որոնց տրվում են Վրաստանի վիզաներ,
  • Վրաստան մուտք գործելու մերժման և վիզա տրամադրելուց հրաժարվելու հիմքերի տարանջատում և վիզա տրամադրելու մերժման հիմքերի ընդլայնում,
  • Վրաստանում գտնվելու ժամկետի դադարեցման և վիզայի գործողության դադարեցման հիմքերի առանձնացում/հստակեցում (քանի որ վիզայի դադարեցման հիմքերը սպառիչ չեն և ընդլայնման կարիք ունեն):

«Օրենքի ներկայիս տարբերակը ներառում է Վրաստանում գտնվելու դադարեցման հիմքերը, ինչպես նաև կացության թույլտվության դադարեցման հիմքերը, ինչպես նաև վիզայի դադարեցման հիմքերը։ Գործող պրակտիկան ցույց է տվել, որ վիզան կարող է դադարեցվել ոչ միայն օտարերկրացու՝ Վրաստանում գտնվելու ընթացքում, այլև մինչև Վրաստան մուտք գործելը։ Ըստ այդմ՝ տեղին է առանձնացնել վիզայի դադարեցման հիմքերը»,- նշված է կառավարության նախագծում։