Վրաստանում այս տարի միասնական ազգային քննություններին գրանցված և բուհ ընդունված ուսանողների թիվը համեմատաբար մեծ է, մեծ է նաև «1+4» ծրագրով ընդունված էթնիկ փոքրամասնությունների թիվը։ Բուհերի դասախոսների խոսքով, զգացվում է նաև դրական դինամիկա «1+4» ծրագրով ընդունվող ուսանողների պետական լեզվի իմացության և սովորելու ցանկության առումով։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս Լելա Ջեջելավան, մասնագիտությամբ՝ քաղաքագետ, երկար ժամանակ է արդեն` դասավանդում է էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին վրաց լեզվի նախապատրաստական կուրսում։ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նա ուրախությամբ նշում է, որ հետզհետե ավելանում է այն ուսանողների թիվը, որոնք նախընտրում են բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանում։
«Իմ կարծիքով, «1+4» ծրագիրն ամենամեծ բարեփոխումներից մեկն է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման համար, ծրագրին սկզբից ևեթ առնչություն ունենալով և դասավանդելով «1+4» ծրագրի ուսանողներին, կարող եմ ասել, որ կատարվել է հսկայական փոփոխություն։
Իմ փորձից ելնելով կարող եմ հաստատել, որ նախապատրաստական կուրսի ուսանողն այսօր մի քանի անգամ ավելի ազատ և ինտեգրված մթնոլորտում է սովորում, չունի այն վախերը, որոնք ուներ սկզբնական փուլում, շփվում է այլազգի ուսանողների հետ, և ավելացել են ցանկացողների թիվն ու նրանց պետական լեզուն սովորելու ոգեշնչվածությունը», — նշում է Ջեջելավան։
Դասախոսի ընդգծմամբ, գլխավորն այն է, որ «1+4»-ի ուսանողներն իրենց զգում են Վրաստանի լիիրավ ու լիարժեք քաղաքացիներ։
«Սակայն, այս ամենին զուգընթաց, ինձ տխրեցնում է, որ շատ ուսանողներ, համալսարանն ավարտելուց հետո, դժվարանում են աշխատանքի տեղավորվել իրենց համայնքում։ Հիմնականում վրաց լեզվի ուսուցիչների պահանջարկ կա, և շատերը, սովորելով այլ մասնագիտություն, մանկավարժությամբ են զբաղվում կամ, վատագույն դեպքում` մեկնում երկրից», — նշում է Լելա Ջեջելավան։
«Այս տարի, ինչպես և նախորդ տարի, մրցակցությունը բավականին բարձր էր, թեև այս տարի ընդունված ուսանողների թիվն իսկապես տպավորիչ է, իսկ վրացերենի ուսուցման ծրագրին 1300-ից ավելի դիմորդ է դարձել ուսանող։ Ունենք նաև 100 տոկոսանոց դրամաշնորհատերեր, սա վերաբերում է և՛ հայ, և՛ ադրբեջանցի դիմորդներին։ Կցանկանայի ավելանար նշված ուսանողների թիվը», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանը։
Խաչատուրյանի դիտարկմամբ, ուսանողների թվի աճը փաստում է, որ պետական լեզուն առաջնային է դարձել ազգությամբ ոչ վրացի բնակչության համար․
«Այն, որ պետական լեզուն առաջնային է դարձել ոչ վրացական բնակչության, մասնավորապես Սամցխե-Ջավախքի երիտասարդ սերնդի շրջանում, հաստատվում է «1+4» ծրագրում ընդգրկված ուսանողների թվով, ինչպես Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, այնպես էլ ընդհանրապես բոլոր բուհերում, որտեղ գործում է նշված ծրագիրը, տարեցտարի ավելանում է ուսանողների թիվը, ինչն իսկապես ողջունելի է»։
Այսուհանդերձ, Ժաննա Խաչատուրյանը կարծում է, որ Սամցխե-Ջավախեթիում, մասնավորապես Ախալքալաքում, ընդհանուր պատկերը դեռևս խնդրահարույց է։
«Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ քաղաքացիների պետական լեզվի յուրացման խնդիրը սոցիալ-քաղաքական ինտեգրմանը խոչընդոտող խնդիրներից գլխավորն է։ Կցանկանայի, որ պետությունն էլ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեր բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում, որն էլ ինքնին կբարձրացնի էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ ուսանողների մոտիվացիան», — ասում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոսը։
Ի դեպ, Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրական տվյալներով, Վրաստանում այս տարի 41 հազար դիմորդից 32 հազար 200-ը ուսանող են դարձել։
Ազգությամբ հայ դիմորդները ևս, անցած տարվա համեմատ, այս տարի 55-ով ավելի էին, 2021 թվականին ընդհանուր ունակությունների քննություն հայոց լեզվով հանձնել էր 502 դիմորդ, և նվազագույն շեմը հաղթահարել էր դիմորդների 63 տոկոսը, իսկ այս տարի 572 դիմորդից նվազագույն շեմը հաղթահարել է 75 տոկոսը։
Անցյալ տարի հայոց լեզվով ընդհանուր ունակությունների քննություն հանձնած դիմորդները 100 տոկոսանոց դրամաշնորհ ստացել են 39 և ավելի միավոր հավաքելու դեպքում, այս տարի դիմորդների գրանցած արդյունքներով՝ դրամաշնորհ ստացել են 46 և ավելի միավոր հավաքած դիմորդները։
Նշենք, որ էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի միջոցով ուսանողը մեկ տարի նախապատրաստական կուրսում սովորում է վրաց լեզուն, այնուհետև ընտրում որևէ ֆակուլտետ։
«1+4» ծրագրով ուսանողը ստանում է 100 տոկոսանոց դրամաշնորհ, եթե ազգությամբ հայ կամ ադրբեջանցի ուսանողների շրջանում հայտնվում է ամենաբարձր միավորներ հավաքած 100 դիմորդի շարքում։