Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղից Հասմիկ Պետրոսյանը այս տարի միակ հայազգի դիմորդն է, որ «1+4» ծրագրով ընդունվել է Ապոլոն Քութաթելաձեի անվան Թբիլիսիի պետական գեղարվեստի ակադեմիա (ԹՊԳԱ)։
Պետրոսյանը կարծում է, որ նախապատրաստական կուրսում միակ հայազգի ուսանող լինելը նաև առավելություն է․ «պետք չէ մտածել, թե ինչ կլինի, եթե չգնանք այն ուղղությամբ, որով բոլորն են գնում։ Հաջողության հասնելու համար արժե նաև շարժվել միայնակ», — նշում է ուսանողուհին։
Նա կարծում է, որ ԹՊԳԱ ընդունված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդների սակավ թիվը կապված է նաև նրա հետ, որ շատերը չգիտեն, որ հիշյալ ակադեմիայում ևս կարող են անցնել վրաց լեզվի նախապատրաստական կուրս և ընդունվել ընդհանուր ունակությունների քննությամբ։
«Ես ևս չգիտեի արդյո՞ք բուհն ունի «1+4» ծրագիրը, թե ոչ, դրա համար երկընտրանքի առջև էի կանգնել, մտածում էի նաև Իլիայի անվան պետական համալսարանի ուղղությամբ։ Դեռ դպրոցական տարիներից, սակայն, հետաքրքրված էի Գեղարվեստի ակադեմիայով։
Ցանկանում էի ընտրել այնպիսի մասնագիտություն, որտեղ ներառված կլիներ արվեստը և ծրագրավորումը, իսկ երկուսը մեկում համատեղել համապատասխանում էր թվային մեդիա ֆակուլտետին, որը ուներ ԹՊԳԱ -ն», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է նա։
Պետրոսյանը խոստովանում է՝ գիտակցում էր, որ հնարավոր է նախապատրաստական կուրսում միայնակ լինի, սակայն սա խոչընդոտ չի հանդիսացել, համալսարանն ու մասնագիտությունը ևս փորձել է արվեստի հետ կապել։
Մեծ խանդավառությամբ է խոսում արվեստի մասին՝ ընդգծելով․ «Արվեստը ինձ համար աշխարհի գույները փոխելու ուղի է և հոգու հանգստություն, որը բառերով բացատրել չեմ կարող»։
«Հետաքրքրվելով իմացա, որ վերջին տարիներին ԹՊԳԱ-ն «1+4»-ի դիմորդներին ևս ներռում է, բայց շատ սակավ տեղերով: Հստակ որոշում կայացրեցի, որ պետք է ընտրեմ հենց այն, թեև վրաց լեզվի նախապատրաստական ծրագրում կլինեմ միայնակ, բայց ընդհանրապես ԹՊԳԱ -ում ներկայումս սովորող երկրորդ հայ ուսանողը կլինեմ»։
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել էր բուհեր ընդունված ուսանողների ցանկը, որից էլ Հասմիկ Պետրոսյանը տեղեկացել է, որ միայն ինքն ու մեկ ազգությամբ ադրբեջանցի դիմորդ են ընտրել ԹՊԳԱ-ի վրաց լեզվի նախապատրաստական կուրսը։
«Գալիք ուսումնական տարվա հետ կապված սպասելիքներս շատ մեծ և լուսավոր են: Գիտակցում եմ նաև, որ հեշտ չի լինի մի միջավայրում, որտեղ շուրջ բոլորս այլ ազգի ուսանողներ կլինեն: Հույս ունեմ, որ նոր միջավայրում ինձ լավ կընդունեն և դա կլինի փոխադարձ։
Կարծում եմ՝ վրաց լեզվի նախապատրաստական կուրսում միակ հայը լինելը շատ մեծ առավելություն է ինձ համար, քանի-որ ստիպված կլինեմ սովորել, իսկ վրաց լեզուն ավելի խորը ուսումնասիրել», — նշում է նա։
Աղջիկը ասում է՝ հաճախ անգամ համալսարանների վերաբերյալ է հասարակությունը կարծրատիպեր ստեղծում, պատճառը նրա կարծիքով՝ ցածր իրազեկվածությունն է։
«Մարտահրավերներ շատ կային, որոնք հատկապես ինձ ուղղված էր շրջապատի կողմից․ ակադեմիան քոլեջը նույն նկարչության դպրոցն է, որտեղ ընդունվել կարող են անգամ ամենացածր գիտելիք ունեցող մանկապարտեզի երեխաները: Ավարտելով արվեստագետ ես դառնալու, թե՞ Լեոնարդո Դա Վինչի: Իհարկե Լեոնարդո Դա Վինչի չեմ դառնա, բայց կփորձեմ դառնալ մեկը, ով կփորձի փոխել աշխարհի գույները ինչ-որ՝ փոքր, բայց բարի քայլով», — ասում է Պետրոսյանը։
Ակադեմիայի ուսանողուհին միասնական ազգային քննություններին կարճ ժամանակում է պատրաստվել, հանձնել է նաև լրացուցիչ նկարչության քննություն․
«Թբիլիսիի պետական գեղարվեստի ակադեմիա «1+4» ծրագրով ընդունվելու համար հանձնել եմ նախ ստեղծագործական քննություն (նկարչություն), իսկ հետո ընդհանուր ունակություններ՝ հայերենով։ Մտավախություններ ունեի կապված ընդունելության քննությունների հետ, որոնք հաղթահարեցի, հիմա ավելի վստահ քայլերով պատրաստ եմ դիմավորել և ընտելանալ նոր ուսանողական կյանքիս»։
Հասմիկը խորհուրդ է տալիս, բուհն ընտրելիս չմտածել, թե որքան հայտնի է այն, ով է այնտեղ սովորում, այլ՝ որտեղ կարելի է դրսևորվել և ստանալ առավելագույնը․
«Իրականում մեզ աշխարհում ազատ ապրելու և կարծրատիպերին դեմ գնալու համար շատ քիչ բան է պետք, ուղղակի ցանկություն և վախի ոչնչացում։ Դեպի հաջողություն քայլելու համար մենք պետք է ունենանք աշխատասիրություն, չհանձնվելու, չկոտրվելու և նորից փորձելու ունակություն», — ասում է Հասմիկ Պետրոսյանը և հավելում․ «Լուսավոր ապագան մեզ է սպասում, փորձենք գեղեցիկ քայլերով հասնել նրան»։