Ուսանողների ֆինանսավորման ծրագրի համար դիմումները կընդունվեն սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, 2022-2023 ուստարվա աշնանային կիսամյակի ուսումը ֆինանսավորելու նպատակով դիմումներ կարող են ներկայացնել սոցիալապես անապահով ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող ուսանողները։
«Թբիլիսիի քաղաքապետարանը կֆինանսավորի Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում գրանցված անձանց, որոնք ընդգրկված են բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտի գիտական մակարդակներում, ակտիվ ուսանողի կարգավիճակ ունեն և գտնվում են սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում, կամ` բազմազավակ ընտանիքի անդամներ են, կամ` հաշմանդամի կարգավիճակ ունեն:
Հատկացվելիք ֆինանսավորման չափը կախված է նախորդ կիսամյակում անցած առարկաներից ուսանողի ստացած գնահատականների միջին թվաբանական միավորից: Ուսանողները կարող են ստանալ 50, 70 կամ 100 տոկոսանոց ֆինանսավորում կիսամյակի չափով (1125 լարիից ոչ ավելի)», — ասել է Կախա Կալաձեն։