Վրաստանի նախագահի վարչակազմը մեկնաբանել է ԱՄՆ նախկին դեսպան Դավիթ Բաքրաձեին ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անսպասելի որոշումը։
Նախագահի վարչակազմի ղեկավար Նաթիա Սուլավան նշել է, որ Զուրաբիշվիլիի բացասական գնահատականը Միացյալ Նահանգներում Դավիթ Բաքրաձեի գործունեության մասին դեռ ուժի մեջ է, այդ պատճառով Վրաստանի նախագահը նպատակահարմար չէր գտել Բաքրաձեին նշանակել այդ պաշտոնում, երբ պատերազմ է հարևան և բարեկամ երկրում:
«Նախագահն այս դիրքորոշումը բազմիցս հայտնել է ինչպես հրապարակավ, այնպես էլ ոչ պաշտոնական խորհրդակցությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է պարոն Դավիթ Բաքրաձեի նշանակմանը, ապա նա օգոստոսի 30-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնում»,- ասել է Նաթիա Սուլավան։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին նախագահը չէր ստորագրել Դավիթ Բաքրաձեին ՄԱԿ-ում նշանակվելու որոշումը՝ հայտարարելով, որ գոհ չէ նրա աշխատանքից։ Այս փաստը հանգեցրել էր իշխող «Վրացական երազանքի» և Զուրաբիշվիլիի միջև տարաձայնությունների։
Նշենք, որ այս պաշտոնում Դավիթ Բաքրաձեն կփոխարինի Կախա Իմնաձեին։ Վերջինս Twitter-ի իր էջում հրաժեշտի գրություն է հրապարակել և հաջողություն մաղթել Դավիթ Բաքրաձեին։