Վրաստանում նպաստառուների թիվը ռեկորդային աճ է գրանցել

Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսին սոցիալական նպաստ ստացողների թիվն աճել է 3 217-ով և կազմել 664 հազար 278, ինչը ռեկորդային թիվ է. արդյունքում՝ Վրաստանի բնակչության 17,8 տոկոսը պետությունից ստանում է կենսապահովման նպաստ։

Այս տարվա հունվարին կենսապահովման նպաստ ստացողների թիվը կազմել է 648 հազար 176։ Ըստ այդմ, հունվարի համեմատ նպաստ ստացողների թիվն աճել է 16 հազար 102-ով՝ 2.4 տոկոսով:

Կենսապահովման համար հուլիսին բյուջեից ծախսվել է 56 մլն 710 հազար 462 լարի, ինչը մոտ 222 հազարով ավելի է հունիսի համեմատ և ռեկորդային ցուցանիշ է։

Նշենք, որ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալան հայտնել էր, որ մայիսի 1-ին ավարտվել է սոցիալ-տնտեսական վիճակի ստուգման վրա դրված մորատորիումը, և ընտանիքների ստուգումը աստիճանաբար կվերսկսվի։ Համաճարակի ժամանակ սահմանած մորատորիումի պատճառով նպաստ ստացողների թիվը նախորդ տարվանից աճել է և հասել ռեկորդային մակարդակի։

20 հազար սոցիալապես անապահով քաղաքացի ապահովվել է աշխատանքով