Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 2022 թվականին մայրաքաղաք Թբիլիսիի օրվա՝ Թբիլիսոբայի համար ծախսել 3 մլն 050 հազար լարի։
Պետական գնումների կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսոբան կանցկացվի հոկտեմբերի 1-ին և 2-ին։
«Թբիլիսիի քաղաքապետարանը Թբիլիսիի տոնը նշելու և մայրաքաղաքում տոնական տրամադրություն ստեղծելու համար նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնք կլինեն բավականին մասշտաբային ու բազմազան։ 2022 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին վերանորոգված Օրբելիանիի, Գուդիաշվիլիի հրապարակներում, Լեղվթախևիում և Ռիկղեի այգում հատուկ կազմակերպված տարածքներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ և համերգներ, որոնք նախատեսված են հաշվի առնելով բոլոր տարիքային կատեգորիաները»,- նշված է Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Տվյալների համաձայն՝ «Թբիլիսոբա 2022»-ը հանդիսավոր համերգով կավարտվի հոկտեմբերի 2-ին Եվրոպայի հրապարակում՝ թեմատիկ զարդարված բեմում: