Անցած շաբաթվա ընթացքում (21.08-28.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 հազար 737 նոր դեպք։
Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով, վերջին 2 շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դրական ցուցանիշը 17 տոկոս է, որն աննախադեպ բարձր է և վկայում է ներքին տարածման բավականին բարձր մասշտաբի մասին։
«Մզիուրի» («Օլեյնա» ձեթ ներկրող) ընկերության դիտորդ խորհրդի անդամ Դիմիտրի Ռամիշվիլիի խոսքով, Վրաստանում ձեթն էժանանում է, և իրենց ընկերության դեպքում առայժմ նվազումը կկազմի 5-6 տոկոս։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի երկրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի համեմատ, զբաղվածների թիվն աճել է 68,8 հազարով՝ 5,7 տոկոսով։
2022 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ չի ընդունվել ընդհանուր հաշվով 8 հազար դիմորդ:
Գրանցման նյութերի և քննական գործընթացների վերլուծության ծառայության ղեկավար Մայա Գաբունիան տեղեկացրել է, թե որոնք են այս տարվա միասնական ազգային քննությունների առավել պահանջված մասնագիտությունները։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ անհրաժեշտ է Սաակաշվիլիի պատիժը հետաձգել մեկ տարով։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար, լրացուցիչ անկախ փորձաքննության կենթարկվի։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատասխանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը Եվրամիության ընդլայնման վերաբերյալ։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դե ֆակտո ԱԳ նախարար Ինալ Արձինբան ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին աբխազական ազգային հագուստ՝ Ակաբա է նվիրել։
Օկուպացված Աբխազիայում, Ռուսաստանի դե ֆակտո դեսպան Միխեիլ Շուրգալինից հետո, ընդդիմադիր «Աիդգիլարա» քաղաքացիական միավորումը քննադատում է նաև վետերանների տեղական «Աիաիրա» քաղաքացիական կազմակերպությանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարությունը գնելու է 3 նոր ուղղաթիռ, որը ձեռք են բերելու 10 տարի առաջ գնված ուղղաթիռը վաճառելու միջոցով։
Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելում աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ արդեն 3 042 մետր խորության վրա:
Եվ վերջում՝ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսի 31-ի դրությամբ մեկ ամերիկյան դոլարը կարժենա 2,9045 լարի, եվրոն՝ 2,9126 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 3,4029 լարի։