Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար, լրացուցիչ անկախ փորձաքննության կենթարկվի։
Բրեգաձեն նշել է, որ Սահակաշվիլիի առողջության նկատմամբ հանրային հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունը բավարարելու համար գերադասելի է ավելի շատ տեղեկություն ունենալ։
«Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի հետ կապված՝ հատուկ քրեակատարողական ծառայությունն արել է, անում է և ապագայում էլ անելու է հնարավորը՝ ապահովելու համար նրա առողջության իրավունքի պաշտպանությունը։ Նա արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, այժմ էմպաթիայի հետազոտություն է անցնում, և մենք չենք բացառում մեկ այլ անկախ հետազոտության անցկացումը ևս…»,- ասել է Բրեգաձեն։
Նշենք, որ Սաակաշվիլիին արդեն հետազոտում են «Էմպաթիա» կենտրոնի մասնագետները և արտասահմանյան փորձագետները։ Օգոստոսի 29-ին Սաակաշվիլիին այցելել է ամերիկացի հոգեբույժ, ինչպես նաև ՄԱԿ-ում հավատարմագրված շվեյցարացի դատաբժշկական փորձագետ, որը մի քանի օրից պետք է զեկույց պատրաստի այն մասին, թե ինչ բուժման կարիք ունի Սաակաշվիլին, և արդյո՞ք անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր։
Արդարադատության նախարարի խոսքով՝ փորձագիտական եզրակացությունը կարող է լինել մի քանի տեսակի, և ինքը չի կարծում, որ վատ սցենար լինի։