Գիորգի Ալադաշվիլին նշանակվել է Կախեթիի նահանգապետ. նշված պաշտոնում նա փոխարինել է Իրակլի Շիոշվիլիին։
Երկուսն էլ այսօր՝ օգոստոսի 29-ին, հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև կառավարության աշխատակազմի տարածաշրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բառնաբիշվիլին։
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են շրջանում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Շիոշվիլիին կատարած աշխատանքի համար, իսկ նորընտիր նահանգապետին հաջողություն է մաղթել։
Կախեթիի նոր նահանգապետը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա ակադեմիական մագիստրոսի կոչում ունի Հարվարդի համալսարանից։ Գիորգի Ալադաշվիլին տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի նախարարությունում և պետական անվտանգության ծառայությունում։