Վրաստանում գործող այն դպրոցները, որոնք չունեն որևէ առարկայից համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչ, կարող են ուսուցիչ հրավիրել և այդ կերպ լրացնել կադրային պակասը։
«Ալիք Մեդիան» մանրամասներ է ներկայացնում, թե ով կարող է լինել հրավիրյալ ուսուցիչ:
Հրավիրյալ ուսուցիչ է համարվում այն անձը, որն աշխատում է հանրակրթական ոլորտից դուրս այլ ոլորտում, և դպրոցը` չունենալով որևէ առարկայից որակավորված (ավագ, առաջատար, մենթոր) ուսուցիչ, աշխատանքային պայմանագիր է կնքում հրավիրված ուսուցչի հետ:
Ո՞ր դեպքերում կարող է դպրոցը հրավիրել ուսուցիչ, և ի՞նչ որակավորում պետք է ունենա հրավիրված ուսուցիչը
«Հանրակրթության մասին» օրենքում նշված է, որ հրավիրյալ ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան առարկան դասավանդելու համար անհրաժեշտ իրավասություն և/կամ համապատասխան պրակտիկ փորձ։
Ցանկության դեպքում դպրոցում կարող են աշխատել նաև ուսուցչի որակավորում չունեցող, գիտական ինստիտուտներում կամ այլ ոլորտներում աշխատող մարդիկ, որոնց աշխատանքի ընդունելու իրավունք կունենա դպրոցը։
Հրավիրված ուսուցչից չի պահանջվում ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել և այդ կարգավիճակը պահպանելու համար կրեդիտներ վաստակել, քանի որ նա կարող է ընդհանրապես ժամանակ չունենալ դա անելու համար:
Ի՞նչ առարկա կարող է դասավանդել հրավիրված ուսուցիչը
Հրավիրված ուսուցիչը հանրակրթական հաստատությունում դասավանդում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ազգային ուսումնական ծրագրով նախատեսված կամ չնախատեսված առարկա՝ չընդգրկվելով մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայում։
Դրանից բացի, հրավիրված ուսուցչի ծանրաբեռնվածությունը պետք է լինի ուսուցչի լրիվ ծանրաբեռնվածության համար Վրաստանի օրենսդրությամբ սահմանված դասաժամերի 50 տոկոսից ոչ ավելի:
Ընդգծենք, որ հրավիրյալ ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի առնվազն բակալավրի կրթական աստիճան: