Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Միխեիլ Չխենկելին հաստատել է վրացալեզու և ոչ վրացալեզու (հայկական, ադրբեջանական) հանրակրթական դպրոցների դասաժամերի քանակը։
Հատկանշական է, որ այս տարի ևս ոչ վրացալեզու դպրոցների, օրինակ` հայկական դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզուն (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ) ընտրելու դեպքում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկային տրվելու է նվազագույն՝ շաբաթական 3 դասաժամ: Իսկ եթե դպրոցը չի ընտրում երկրորդ օտար լեզու, այդ դեպքում «Հայոց լեզու և գրականություն»-ը դասավանդվում է շաբաթական 5 դասաժամ: Ընդգծենք, որ նույնը վերաբերում է ադրբեջանական դպրոցներին նույնպես, նաև` ոչ վրացալեզու բոլոր դպրոցներին:
Հարկ է նշել, որ Վրաստանի հայկական դպրոցների մեծ մասում՝ 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզու է ընտրվում ռուսերենը, հաճախ նաև գերմաներենը. ստացվում է, որ ռուսերենը կամ երկրորդ օտար լեզուն դասավանդվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի «հաշվին»:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի հանրային դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ դպրոցում ի սկզբանե՝ որպես երկրորդ օտար լեզու միշտ եղել է գերմաներենը:
«Մեզ մոտ երբեք ոչ մեկը չի դժգոհել, որ դասավանդվում է գերմաներեն, ոչ թե ռուսերեն կամ ֆրանսերեն: Ցանկալի կլիներ, որ մայրենիին նախկինի պես տրվեր 5-ական ժամ, քանի որ անհնար է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ծրագիրն ավարտել 3 դասաժամով, չնայած օտար լեզուն ևս կարևոր է»,- ասում է Մանուկյանը:
Մանուկյանը նկատում է՝ ցավալի է, որ ընտրութունը դրվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ու երկրորդ օտար լեզվի միջև:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի հանրային դպրոցի տնօրեն Մովսես Ալվանջյանի խոսքով, իրենց դպրոցում՝ որպես երկրորդ օտար լեզու դասավանդվում է ռուսերենը:
«Երկրորդ օտար լեզվի ընտրությունը դրված է ծնողների և աշակերտների ուսերին. օրենքի համաձայն իրենք են որոշում՝ դասավանդվի, թե չդասավանդվի երկրորդ օտար լեզուն»,- ասում է Ալվանջյանը:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վիլոետա Սուքիասյանը ևս փաստում է, որ իրենց դպրոցում դասավանդվում է ռուսաց լեզու՝ ծնողների, հոգեբարձուների խորհրդի, աշակերտների կարծիքը հաշվի առնելով:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղի հանրային դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ իրենց դպրոցում ևս երկրորդ օտար լեզուն ռուսերենն է:
Ամիրյանը նաև նկատում է՝ 2021-2022 ուստարվա ավարտին իրենց հայտնել էին, որ այս տարվանից այդ դասարաններում երկրորդ օտար լեզուն այլևս «Հայոց լեզու և գրականության» հաշվին չի լինելու. տնօրենը զարմացած է, թե ինչու է այլ հրաման եկել:
«Լեզվի ընտությունը, միանշանակ, ըստ օրենքի՝ իրականացվում է 4-րդ դասարանի ավարտին՝ ծնողների կարծիքը հաշվի առնելով»,- հավելում է Ամիրյանը:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կարմիրգյուղի հանրային դպրոցի տնօրեն Հմայակ Սայադյանն էլ ասում է, որ չնայած երկրորդ օտար լեզուն պետք է ընտրվի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հաշվին, այդուհանդերձ՝ դպրոցներին տրված է ազատություն, հետևաբար` դպրոցի տնօրինությունը կարող է չընտրել երկրորդ օտար լեզու:
«Մեր դպրոցում օրինակ, անցած տարի 5-րդ դասարանում չենք ընտրել երկրորդ օտար լեզու, և մայրենին դասավանդվել է շաբաթական 5 դասաժամ. 6-րդ դասարանից ընտրության արդյունքում դասավանդվել է երկրորդ օտար լեզու՝ արդեն մայրենիի դասաժամերի կրճատումով»,- ասում է Սայադյանը:
Սայադյանը նաև հավելում է, որ երկրորդ օտար լեզուն ընտրելիս, բնականաբար, հաշվի են առնվում նաև դպրոցի հնարավորությունները, մասնագետների առկայության չափը: