Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնում Վրաստանի հարևան երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, Բորջոմիի հրդեհը հանգցնելու համար նրանց առաջարկած աջակցության համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանական և հայկական կողմին նույնպես։ Առաջարկեցին մեզ օգնել տեխնիկայով, թեպետ մենք էլ տեխնիկա ունենք, տեղանքի պատճառով չենք կարողանում շահագործել։ Հրշեջ ինքնաթիռը մեծ շքեղություն է` չունեն, թե չէ կօգնեին։ Մեզ օգնեց թուրքական կողմը։ Կրկին շնորհակալություն նրանց», — նշել է Գոմելաուրին։
Գոմելաուրիի խոսքով՝ իրենք չեն ակնկալում, որ այլ երկրներից հրշեջ ինքնաթիռներ կժամանեն․ «Եվրոպայի բազմաթիվ վայրերում հրդեհներ են։ Ամեն տեղ էլ դժվարություններ կան»։
Նախարարը նշել է, որ երեկվա համեմատ հրդեհը շատ ավելի մեղմ է, ծուխը՝ ավելի շատ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել Բորջոմիի մունիցիպալիտետում, մինչ օրս չի հաջողվել հրդեհը մարել։
Կարդացեք նաև՝
ՆԳ նախարարը ծանոթացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքների ընթացքին