Վրաստանում գործող 20 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել, որում ասվում է՝ տեղական ՀԿ-ների դեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ագրեսիվ արշավը հասել է տագնապալի մակարդակի:
ՀԿ-ների գնահատմամբ` «Վրացական երազանք»-ի հարձակումը քաղաքացիական կազմակերպությունների վրա նպատակ ունի խոչընդոտելու կառավարության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությանը, ինչն ավտորիտարիզմի հերթական բացահայտ դրսևորում է և վկայում է դրա ձևավորման անշրջելի ընթացքի մասին։
Ըստ ՀԿ-ների՝ երբ «Վրացական երազանք»-ն արգելափակեց Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերության (ISFED) մասնակցությունն իր ստեղծած աշխատանքային խմբին՝ կատարելու Վրաստանի համար սահմանված 12 կետերը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ինչին հետևեց աշխատանքային խմբում այլ ՀԿ-ների գործունեության դադարեցումը ևս, դրանից հետո սկսվեց իշխող կուսակցության հարձակումը քաղաքացիական սեկտորի վրա։
«Եվրոպական ինտեգրումն ամենակարևորն է երկրի ազգային շահերի համար, և «Վրացական երազանքի» այս պահվածքը կառավարության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունը չեզոքացնելու և սեփական օրակարգով գործունեությանը նպաստելու փորձ է։
Հատկանշական է, որ իշխող կուսակցությունը հարձակվում է այն անհատների և կազմակերպությունների վրա, որոնք ակտիվորեն վերահսկում են կառավարության գործունեությունը, քննադատում են ներկայիս վտանգավոր քաղաքականությունը, կոչ են անում կառավարությանը վերանայել իր օրակարգը և սկսել իրական քայլեր ձեռնարկել երկրի զարգացման ուղղությամբ դեպի եվրաինտեգրում»,- ասված է հայտարարության մեջ։
ՀԿ-ների պնդմամբ՝ նման որոշումներն ու հայտարարություններն են պատճառը, որ ամեն օր մշուշապատվում է Վրաստանի ժողովրդավարական զարգացման ապագան, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հանրության աչքում, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է «Վրացական երազանք»-ը:
Հայտարարությունը տարածել են հետևյալ ՀԿ-ները.
- Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն (GDI),
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան (TI),
- Վրաստանի բաց հասարակության հիմնադրամ (OSGF),
- Ժողովրդավարության պահապաններ,
- Մեդիայի զարգացման հիմնադրամ,
- Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (EPRC),
- Եվրոպական-վրացական ինստիտուտ,
- Վրաստանի ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամ (Ռոնդելի հիմնադրամ),
- Վրաստանի քաղաքականության ինստիտուտ (GIP),
- Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS) և այլ կազմակերպություններ: