Վրաստանում գրեթե 1 մլն լարիի (350 000 դոլար) պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները խաբեությամբ ապօրինի սեփականացվել են նախկին պաշտոնյայի մասնակցությամբ, այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Հետաքննությունը պարզել է, որ 2021 թվականին «Մցխեթա-Մթիանեթի մունիցիպալիտետի նախկին աշխատակցի կողմից ծառայողական պարտականությունները անպատշաճ կատարելու և Վրաստանի քաղաքացու անվամբ կեղծ փաստաթղթերի կիրառման» հետևանքով 15 հազար քմ-ից ավելի երկու հողատարածք է սեփականացվել։
Ապօրինի գործարքի երկու մասնակիցն էլ ենթարկվել են քրեական պատասխանատվության։ Նախաքննությունը շարունակվում է կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով պետական գույքը խոշոր չափերով հափշտակելու և ծառայողական պարտականություններին անպատշաճ վերաբերվելու փաստով (180-րդ հոդվածի 3-րդ մաս, 362-րդ հոդվածի 2-րդ մաս և 342-րդ հոդվածի 1-ին մաս): Վերոնշյալ կետերը նախատեսում են ազատազրկում՝ 6-ից 9 տարի ժամկետով։