Թբիլիսիի Թամար թագուհու անվան պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Աշխատանքներին տեղում ծանոթացել է մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ նախագծի շրջանակներում պողոտայում գծվել է հասարակական տրանսպորտի գոտի։ Ամբողջությամբ նորացվել են նաև ճանապարհային նշանները, լուսացույցներով կարգավորվող «զեբրա» անցումները և ճանապարհները բաժանող կղզյակները:
Քաղաքապետը նշել է, որ բոլոր այն փողոցներում, որտեղ ուսումնասիրություններից հետո հնարավոր կլինի ավտոբուսային երթուղիներ կազմակերպել, դրանք ամենուր կարվեն, որպեսզի հասարակական տրանսպորտն ազատ տեղաշարժվի։
«Իրականացվել է ևս մեկ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր, որը ենթադրում է «Կայարանի հրապարակից» մինչև «Հերոսների հրապարակ» հատվածի ավտոբուսային երթուղիների կազմակերպում, ինչը մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից հայտարարված տրանսպորտային քաղաքականության մաս է կազմում։ Հասարակական տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետը, և քաղաքացիները պետք է կարողանան ազատ տեղաշարժվել առանց որևէ խոչընդոտի։ Թամար թագուհու անվան պողոտան հասարակական տրանսպորտի ամենադժվար հանգույցներից էր։ Ըստ այդմ, նշված որոշմամբ այս խնդիրն ամբողջությամբ կլուծվի»,- ասել է Կալաձեն։
Բացի այդ, տարածքում ստեղծվել է ոռոգման համակարգ, կատարվում են կանաչապատման աշխատանքներ։ Տարածքը լիովին հարմարեցված է հաշմանդամների համար։
Նշենք, որ Թամար թագուհու անվան պողոտա-Աղմաշենեբելի պողոտա խաչմերուկում ծանրաբեռնված երթեևեկության պատճառով հասարակական տրանսպորտը ուշացումեր էր ունենում, ինչը հանգեցնում էր սպասման ժամերի ավելացմանը։