Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Վրաստանն աջակցում է Թուրքիային այս տխուր պահին», — ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 20-ին ճանապարհային խոշոր վթար է տեղի ունեցել Թուրքիայում: Վերջին տվյալներով՝ մահացել է 16 մարդ, այդ թվում՝ երեք բժիշկ, երկու լրագրող, երեք հրշեջ, ութ այլ ուղևորներ։
Գազիանթեփ շրջանի նահանգապետ Դավութ Գյուլը թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Ստամբուլի ժամանակով առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում Գազիանթեփ-Նիզըփ մայրուղու վրա. բախվել են մարդատար ավտոբուսը, շտապօգնության մեքենան, հրշեջ և լրագրողական մեքենաները: