Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Բերդիա Ջոխաձեի մարմինը տեղափոխվել է հայրենիք։ Ներկայում քաղաքացիական հոգեհանգիստն անցկացվում է Քաշուեթիի եկեղեցում։
Հուղարկավորությանը ներկա է եղել Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ, գեներալ-մայոր Սերգեյ Կրավչուկը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում մարտիկները պաշտպանում են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
«Ցավոք, պատերազմը շարունակվում է։ Մեր հերոսները, մեր պաշտպանները զոհվում են թե՛ Ուկրաինայի, թե՛ Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ազատությունը պաշտպանելու համար։ Մենք Ռուսաստանից բազմիցս հայտարարություններ ենք լսել, որ Ուկրաինայից հետո նրանք կգան Վրաստան։ Եթե մենք վերջ չտանք այս ագրեսիային Ուկրաինայում, այն կտարածվի ամբողջ աշխարհում»,- ասել է Կրավչուկը։
Տեղեկության համաձայն՝ Բերդիա Ջոխաձեն մահացել է Ուկրաինայի Խերսոնի շրջանում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառումից առաջացած բարդությունների պատճառով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է 18 վրացի մարտիկ։