Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Վրաստանի կրթական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով։
ԿԳՆ տեղեկություններով՝ փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Վալերիան Գոբրոնիձեն և Վրաստանում USAID-ի տնօրենի պաշտոնակատար Քլեր Մեյսոնը։
Հուշագիրը նախատեսում է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին՝ ուժեղացնելով կրթական համակարգը, ինչը ենթադրում է տարբեր օժանդակ նախագծերի իրականացում հիշյլ ոլորտներում, այդ թվում՝ հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը համատեղ կիրականացնեն ներառական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք կապահովեն որակյալ կրթության հավասար հասանելիության բարձրացումը։ Նաև համագործակցության շրջանակներում ուսուցիչների մասնագիտական զարգացմանն աջակցելու նպատակով ուսուցիչների համար կմշակվեն տարբեր մասնագիտական վերապատրաստումներ, ակադեմիական ծրագրեր և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական ռեսուրսներ։
«Հուշագիրը նախատեսում է մասնավոր հատվածի դերի ուժեղացում կրթական համակարգի բարեփոխման գործընթացում, ինչն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հատկապես կարևոր է բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման առումով։ Բացի այդ, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ԱՄՆ ՄԶԳ Վրաստանի հետ համատեղ կնպաստի կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
USAID Georgia-ն ընդհանուր առմամբ 55 մլն 699 հազար 880 դոլար է հատկացրել տարբեր օժանդակ կրթական ծրագրերի իրականացման համար։