Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային համեմատաբար նվազ հարաբերությունները հասկանալի են, եթե նկատի ունենանք նաև երկու երկրների միջև առկա և՛ պատմական, և՛ քաղաքական, և՛ պետական հարաբերությունների խնդիրները, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն։
Իսակաձեի խոսքով, պետք չէ ակնկալել, որ ապրանքաշրջանառության մակարդակը բարձր կլինի, քանի դեռ չեն կարգավորվել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները։
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, գործարար համայնքը կխուսափի այս երկրներում գործունեությունից, նկատի ունեմ հայկական և թուրքական բիզնեսները։ Այժմ հնարավորություն կա մեղմելու իրավիճակը, եթե ի կատար ածվի Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների հետ կապված խաղաղ համաձայնագիրը, այսինքն՝ վերջնական սահմանազատման-սահմանագծման համաձայնագիրը»,- ասում է տնտեսագետը:
Ըստ Իսակաձեի՝ հետագայում վերոնշյալը Հայաստանի համար զարգացման լիովին նոր ուղիներ կբացի. այնուամենայնիվ, առջևում դժվար ու «զգացմունքային» ճանապարհ է սպասվում։
Տնտեսագետը նկատում է, որ Վրաստանը՝ որպես տարանցիկ միջանցք, Հայաստանի և Թուրքիայի համար դարպաս է դեպի նոր երթուղիներ:
Սակայն, նա նաև հավելում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մեծ ներուժ կա՝ օդային բեռնափոխադրումների և ցանկացած այլ տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ակտիվացման ուղղությամբ՝ առանց Վրաստանի:
«Վրաստանի կարևորագույն աշխարհաքաղաքական գործառույթներից է Արևմուտք-Արևելք և Հարավ-Հյուսիս միջանցքների տարանցիկ գործառույթը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:
Մելաշվիլիի խոսքով, այս երկու միջանցքներում էլ Վրաստանի կարևոր գործընկերներն են հարևան երկրները. առանց Հայաստանի` հյուսիս-հարավային միջանցքն անհնար է.
«Վրաստանի համար այս աշխարհագրական իրավիճակը և՛ անեծք է, և՛ օրհնություն»:
Մելաշվիլին ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման արդյունքում՝ Վրաստանի տարանցիկ փոքր կորուստները շուտով մեղմվելու են մի քանի էական օգուտների շնորհիվ. նախ՝ Վրաստանին չափազանց ձեռնտու է տարածաշրջանային կայունության ամրապնդումը, ինչը ճանապարհ կբացի տարածաշրջանային խոշոր նախագծերի համար, և երկրորդ՝ կնվազի Հայաստանի ընդհանուր կախվածությունը Ռուսաստանից, ինչը նույնպես Վրաստանի շահերից է բխում:
Նշենք, որ թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էր, որ Վրաստանի տարածքով տարեկան միջինը մինչև 15 հազար Թուրքիայի և Հայաստանի բեռնատար է անցնում, իսկ երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 230 մլն դոլար:
15 հազար բեռնատար ՀՀ-ից Թուրքիա և հակառակ ուղղությամբ՝ Վրաստանի տարածքով