Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ մեկնարկում է կառավարության լայնածավալ ծրագրի իրականացումը. այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կսկսվի 800 դպրոցի շինարարական-վերականգնման առաջին փուլը, իսկ շինարարության համար մրցույթ կհայտարարվի 80 նոր դպրոցի կառուցման և 320 դպրոցի վերականգնման համար, հայտնում է կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հարցի առնչությամբ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության տնօրեն Լևան Սուխիտաշվիլին քննարկել են նախագիծը կառավարության ղեկավարի հետ։
«Նախագծի համաձայն՝ մնացած 400 դպրոցների վերականգնման համար մրցույթը կհայտարարվի 2023-2024 թվականներին, իսկ մինչև 2026 թվականի վերջը ընդհանուր առմամբ կկառուցվի և կվերականգնվի 800 դպրոց։
Ծրագիրը ապահովում է կրթական ռեսուրսների հավասար հասանելիություն և դրանց կատարելագործում, և ավելի քան 230 հազար աշակերտ կշահի դրա իրականացումից: Արդյունքում մինչև 2026 թվականի վերջ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները ենթակառուցվածքային առումով առողջ կլինեն»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ նոր դպրոցների վերականգնման ու կառուցման ընթացքում նախատեսվում է դրանք վերազինել ժամանակակից չափանիշներով։ Մասնավորապես, կկազմակերպվեն ժամանակակից լաբորատորիաներ, կկառուցվեն սպորտային ենթակառուցվածքներ, ինչը շատ կարևոր է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի հաստատման ուղղությամբ։
Բոլոր դպրոցներն ամբողջությամբ կհարմարեցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար։
ԿԳ նախարարը նշել է, որ կրթության մասին հոգալը կառավարության ռազմավարական առաջնահերթությունն է։
Ծրագրի արժեքը 1 մլրդ լարի է։