Վրաստանում Լատվիայի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Էդիթ Մեդնեն, հայտնում է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
«Ներկայացնում ենք Վրաստանում Լատվիայի նոր դեսպան Էդիթ Մեդնեին։ Նա աշխատել է Իռլանդիայում Լատվիայի դեսպանատանը, Եվրամիությունում Լատվիայի մշտական ներկայացուցչությունում, ղեկավարել է գույքի և ներդրումային քաղաքականության վարչությունը և դիվանագիտական հաստատությունների վարչությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն մեջբերել է Վրաստանում Լատվիայի նոր դեսպանի հայտարարությունը:
«Լատվիան կա և կմնա Վրաստանի հուսալի գործընկերն ու աջակիցը եվրատլանտյան նկրտումների և բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Ես կողմ եմ Լատվիայի և Վրաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի խթանմանը, մտադիր եմ սերտորեն համագործակցել լատվիական սփյուռքի հետ»,- ասել է Մեդնեն։