Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Թբիլիսիում հասարակական տրանսպորտի ուղևորական կտրոնը հնարավոր կլինի կապել բանկային քարտերին։
«Մենք խոստացել ենք հանրությանը, որ հնարավոր կլինի աբոնեմենտները կապել վճարային բանկային քարտերին։ Այսօրվա դրությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել և՛ «Վրաստան բանկի», և՛ TBC Bank-ի հետ»,- նշել է Կալաձեն:
Քաղաքապետի խոսքով՝ ուղևորներն այլևս առանձին ուղևորական քարտի կարիք չեն ունենա:
«Այն մարդկանց համար, ովքեր արդեն ձեռք են բերել ուղևորական քարտեր, դրանց վավերականության ժամկետը լրանալուն պես, հաջորդ գնումը կարող է իրականացվել ուղղակիորեն՝ կապելով բանկային քարտին»:
Նշված նախագծի առնչությամբ տրանսպորտի և քաղաքային ծառայության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ.
«Սեպտեմբերի մեկից պլաստիկ բանկային քարտով հնարավոր կլինի գանձել ուղևորական կտրոն։ Ցանկացած բանկ, եթե կամենա, կարող է միանալ գործող համակարգին»: