Եվրամիությունը Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատման զեկույցում խոսել է
«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի, «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի, «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի և «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր ու Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։
«Քաղաքական սենսիտիվ (զգայուն) դատական գործերը շարունակում են ազդել քաղաքական դաշտի վրա»,- ասվում է զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 12-ին։
ԵՄ-ի զեկույցի համաձայն՝ «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունը հետագա բևեռացման պատճառ է դարձել:
«Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լելո» քաղաքական կուսակցության հիմնադիրներին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ 2022 թվականի հունվարին, Հանրային պաշտպանի գրասենյակը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բողոքել են մեղադրանքի դեմ», — ասվում է զեկույցում։
«2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Գվարամիայի գործով և նրան դատապարտել 3,5 տարվա ազատազրկման։
Նախկին նախագահ Սաակաշվիլին, որ երկու անգամ դատապարտվել է, ու ևս երեք դատավարություն է սպասվում նրան, ձերբակալվել և բանտարկվել է Վրաստան վերադառնալուց հետո», նշված է զեկույցում:
ԵՄ-ը Սաակաշվիլիի վերաբերյալ նաև նշում է, որ 2021 թվականի աշնանը նախկին նախագահի բանտային տեսագրությունների հրապարակումը և նրա իրավունքների ենթադրյալ խախտումը, առողջության հետ կապված խնդիրներն ու դատական նիստերին մասնակցելու իրավունքը մտահոգություն են առաջացրել:
Նշենք, որ Եվրամիությունը հրապարակել է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումների գնահատման զեկույցը։ Փաստաթուղթը, որտեղ խոսվում է առաջընթացի և հետընթացի մասին, հրապարակվել է օգոստոսի 12-ին՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի հաջորդ նիստից գրեթե մեկ ամիս առաջ։ Նիստը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 6-ին։