Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և նշել, որ 2022 թվականի փետրվարից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները սկսել են վարել հասարակության մեծամասնության տրամադրություններին հակառակ արտաքին քաղաքականություն:
ՀԿ-ների խոսքով, «Վրացական երազանքը» հակաարևմտյան արշավ է իրականացնում, որի թիրախը եղել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
Նրանց կարծիքով՝ այս արշավի նպատակն է վնասել Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, և խոչընդոտել երկրի արևմտյան զարգացման հեռանկարին։
«Իշխանությունները սկսեցին ձևավորել և հասարակության մեջ տարածել դավադրության տեսությունը, իբր Արևմուտքը պահանջում է Վրաստանից միանալ Ռուսաստանի դեմ պատերազմին, որը վարում են վրացական իշխանությունները և անձամբ Բիձինա Իվանիշվիլին և դրանով իսկ պաշտպանում վրաց ժողովրդին ռուսական ռազմական ագրեսիայից»,- նշված է ՀԿ-ների հայտարարության մեջ։
ՀԿ-ները նաև նշել են, որ նշված քարոզչությունը համաշխարհային դավադրությունների մասին ռուսական քարոզչության թարգմանված տարբերակն է, որը սկզբնական փուլում չի կարողացել էական ազդեցություն ունենալ Վրաստանի քաղաքացիների զգալի մասի վրա.
«Սա մեզ համար հստակ նշան է, որ կառավարությունը չի պատրաստվում գործել հօգուտ Վրաստանի ժողովրդավարացման, և օլիգարխիկ կառավարման պայմաններում Վրաստանն ավելի կհեռանա արևմտյան արժեքներից և ժողովրդավարական կառավարման գաղափարից…»:
Հայտարարությունը ստորագրել են՝
- Ժողովրդավարության պաշտպաններ,
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը (TI),
- Ռաճայի համայնքային կազմակերպություն,
- Գուրիայի «Հանուն ազատության» քաղաքացիական շարժում,
- «Հինգերորդ տարր» ՀԿ-
- Ֆեմինա
- «Ուսանողները հանուն եվրոպական ապագայի»
- Ապագայի Ճիաթուրա հասարակական շարժում և այլն: