Ջիվանու ծննդավայրն ու իր հիմնախնդիրները

«Ալիք մեդիայի» էսսեների մրցույթի շրջանակներում հաղթող մասնակից Աննա Մոսոյանի գյուղի խնդիրների հետքերով է գնացել «Ալիք մեդիայի» թիմը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ վրաց-թուրքական մաքսակետի մոտ գտնվող հայաբնակ Կարծախ գյուղում, որը Աշուղ Ջիվանու ծննդավայրն է, կան բազում հիմնախնդիրներ։ Գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 24 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1830-1870 մետր բարձրության վրա, Խոզապինի լճի հյուսիսարևելյան ափից 2 կմ հեռու։ Գյուղում բնակվում է 291 ընտանիք։ 

Գյուղացիների խոսքով, ամենաարդիական խնդիրը, թերևս, գազաֆիկացումն է, սակայն առկա է նաև խմելու ջրի և գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման անհրաժեշտություն։

Կարծախն, ըստ բնակիչների, այնքան էլ հեռու չէ շրջկենտրոն Ախալքալաքից, ճանապարհը 30-40 րոպե է տևում, բայց գյուղն, այնուամենայնիվ, զուրկ է բազմաթիվ հարմարություններից։

«Գյուղում բնակիչների մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ, ցանում ենք նաև կարտոֆիլ, հացահատիկ և այլն։ Այս ամենը, սակայն, չի բավականացնում գյուղացուն, այդ իսկ պատճառով` ինչպես շատ գյուղերից, մեր գյուղից էլ մեկնում են արտագնա աշխատանքի», — «Ալիք մեդիայի հետ զրույցում պատմում է գյուղի բնակչուհի Աննա Մոսոյանը։

Նա ընդգծում է, որ գազաֆիկացման և ջրի բացակայությունը հատկապես ծանր բեռ են տնային տնտեսուհիների համար։

Խմելու ջրի խնդիրը Կարծախ գյուղի բնակիչների մշտական հոգսն է եղել տարիներ շարունակ։ «Ալիք մեդիան» զրուցեց Կարծախի գյուղապետ Գաբրիել Կարապետյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ այդ խնդիրը շուտով լուծվելու է․

«Մեր գյուղով անցնող գլխավոր ճանապարհն ասֆալտապատվեց, ինչը շատ կարևոր քայլ էր բնակիչների բարեկեցության առումով։ Այժմ նախատեսվում է խմելու ջրի խնդրի լուծումը, պետական ծրագիրն արդեն պատրաստ է, ուստի գյուղը շուտով խմելու ջրով կապահովվի։ Ոռոգման ջրի խնդիրը գյուղացիներն իրենց հնարավորություններով են լուծում», — հուսադրում է գյուղապետը

Կարապետյանը ևս վերահաստատում է, որ ամենաարդիական հիմնախնդիրն այս պահին գազաֆիկացման բացակայությունն է գյուղում․

«Գազի խնդիրն ավելի դժվար լուծելի է, գազատարը Կարծախ հասնելու համար պիտի անցնի 20 կմ։ Այս ուղղությամբ գազ ունեցող վերջին գյուղը Վաչիանն է, գազ չկա նաև Դադեշ և Սուլդա գյուղերում։ Ցավոք, այս խնդիրն ավելի մեծ ռեսուրսների հետ է կապված»։

Աննա Մոսոյանը, կարծում է, որ բոլոր հիմնախնդիրներին զուգահեռ` նաև չափազանց կարևոր է Աշուղ Ջիվանու ծննդավայրում մշակութային և եկեղեցական կոթողների պաշտպանությունը։

Աղջիկը նշում է, որ անհանգստացած է Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու «ճակատագրով», եկեղեցին այժմ նորոգման կարիք ունի, ուստի դեռևս փակ է։

Գյուղի տարեցների խոսքով, ժամանակին Կարծախը շրջանի ամենամեծ գյուղն էր, որտեղ մեծ եկեղեցի էր գործում։ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու կառուցումը սկսվել է 1880-ական թվականների վերջերին, հին եկեղեցու տեղում։ Գրավոր աղբյուրները վկայում են, որ գյուղացիները եկեղեցու շինարարության համար 21 կմ հեռավորությունից քար են հասցրել գյուղ։

«Եկեղեցին գյուղացիները կառուցել են իրենց ջանքերով, կարծախցիների կյանքում մեծ տեղ է ունեցել և այսօր էլ ունի հավատքն առ աստված։ Այսօր, սակայն, եկեղեցին, որ մեր պատմությունն է և իր մեջ կրում է հսկայական մշակութային արժեք` վտանգի տակ է։ Եկեղեցին, բնականաբար, ժամանակին նաև ունեցել է հոգևոր հովիվներ», — պատմում է Մոսոյանը։

Եկեղեցու բանալին երկար տարիներ եղել է և այսօր էլ գտնվում է Խաչատուր Սաղաթելյանի մոտ, ժամանակին նա նաև եկեղեցու զանգերն է հնչեցրել. վերջինս նշում է, որ ամեն գնով փորձել է պաշտպանել եկեղեցին։

«Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ, այնուհետև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ գյուղացիները տարել են կարտոֆիլը, հացահատիկը և այլ մթերքներ, ամեն գնով պաշտպանել եմ եկեղեցին, փորձել եմ կանգուն պահել», — պատմում է Սաղաթելյանը։