Իրավական հարցերի հանձնաժողովը ստեղծել է 5 աշխատանքային խումբ՝ Եվրամիության սահմանած 12 պայմանները կատարելու համար։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի քաղաքացիների` դեպի Վրաստան հնարավոր զանգվածային գաղթի մասին։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, գնահատելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) հրապարակած հետազոտությունը, ըստ որի՝ նախորդ տարիների համեմատ Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճել է, դրական է գնահատել զբոսաշրջիկների ավելացումը:
Վրաստանի խորհրդարանական 48 ընդդիմության ներկայացուցիչներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի` դատապարտում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության զրպարտչական և ապատեղեկատվական արշավը արևմտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի ու Եվրոպական միության դեմ։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Սահմանադրական դատարանը խորհրդարանին է վերադարձրել Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին համաձայնագրի նյութերը։
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու պահանջը ծառայում է Վրաստանի ապակայունացմանն ու երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն։
Անա Դոլիձեի ղեկավարած «Ժողովրդի համար» կուսակցության անդամները խորհրդարանի շենքի մոտ ակցիա են անցկացրել և պահանջել մորատորիում Ռուսաստանի քաղաքացիների՝ անշարժ գույք գնելու համար։
Շաբաթվա սկզբից համաշխարհային շուկայում վառելիքը կրկին էժանացել է։ Ե՛վ Brent, և՛ ամերիկյան WTI տեսակի նավթի գները նվազել են:
Քվեմո Քարթլիում սիբիրյան խոցի (սիբիրախտ) հայտնաբերման պատճառով Սննդի ազգային գործակալությունը միջոցներ է ձեռնարկում հիվանդության դեմ։
Վրաց-հայկական «Սադախլո»-ի, վրաց-թուրքական «Սարփի»–ի և «Կարծախի»-ի մաքսակետերում կանխվել են չհայտարարագրված ծխախոտներ Վրաստան բերելու ապօրինի փորձերը:
Այս տարի Վրաստանում որսաշրջանը կբացվի օգոստոսի չորրորդ շաբաթ օրը:
Եվ վերջում՝ օգոստոսի 3-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքի համաձայն՝ ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմում է 2,7332 լարի, իսկ եվրոյի փոխարժեքը 2,7835 լարի է։