Քվեմո Քարթլիում սիբիրյան խոցի (սիբիրախտ) հայտնաբերման պատճառով Սննդի ազգային գործակալությունը միջոցներ է ձեռնարկում հիվանդության դեմ։
Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային բաժինը տեղեկություն է ստացել Դմանիսիի մունիցիպալիտետի Զեմո Կարաբուլախ գյուղում երկու խոշոր եղջերավոր անասունի սատկելու մասին։
«Գործակալության անասնաբույժներն անմիջապես մեկնել են վարակի աղբյուրի վայր, վերցրել ախտաբանական նյութը և հետազոտել հավատարմագրված լաբորատորիայում։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց հիվանդությունը»,- հայտնել է գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ անասնաբուժական ծառայությունը խոշոր եղջերավոր անասունների անկման վայրերում իրականացրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։
«Կենդանական սիբիրախտի դեմ պայքարի պրոֆիլակտիկ-կարանտինային կանոնի համաձայն՝ սատկած խոշոր եղջերավոր անասուններն այրվել և թաղվել են, կատարվել են վարակազերծման աշխատանքներ, շրջակա տարածքում իրականացվում է կենդանիների կանխարգելիչ պատվաստում։ Նաև, տեղական ինքնակառավարման համաձայնությամբ, կարանտին է հայտարարվել Զեմո Կարաբուլախ տարածքում, ինչը նշանակում է անասունների տեղաշարժի սահմանափակում, կենդանիների տոնավաճառների կազմակերպում, կենդանական ծագման մթերքների սպառման և վաճառքի սահմանափակում կարանտինային տարածքում»,- հայտնել են Սննդի ազգային գործակալությունից։
Հիշեցնենք, որ սիբիրյան խոցը (սիբիրախտ) վարակիչ հիվանդություն է, վարակվում են ոչ միայն ընտանի ու վայրի կենդանիները, այլ նաև մարդիկ` հիմնականում վարակված կենդանու միսն օգտագործելու միջոցով: