Առաջնայինը զբոսաշրջությունն է. Կալաձեն՝ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ գնահատելով «Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջարկը, որը ենթադրում է Ռուսաստանի և Բելառուսի հետ վիզային ռեժիմի խստացում, նշել է, որ զբոսաշրջության զարգացումն առաջնային է երկրի համար։

Կալաձեի խոսքով՝ զբոսաշրջային ուղղության զարգացումն ուղղակիորեն կապված է տնտեսության ամրապնդման հետ։

«Մենք ողջունում ենք զբոսաշրջիկների ժամանումը և միշտ նպաստելու ենք այս ուղղության ամրապնդմանը։ Կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունն աճում է, և ընդհանրապես զբոսաշրջության զարգացումն առաջնային է մեր երկրի համար։ Իհարկե, կառավարությունն ամեն ինչ անելու է այս ուղղությունը խթանելու համար, քանի որ դա կապված է տնտեսական զարգացման և ըստ այդմ, նոր աշխատատեղերի ստեղծման հետ», — նշել է Կալաձեն։

Հիշեցնենք, որ «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։