Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը:
Ղարիբաշվիլին ողջունել է Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել վրաց-հայկական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար:
«Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Վրաստանի վարչապետին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են վրաց-հայկական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: