Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Թեոնա Աքուբարդիան, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Անա Նացվլիշվիլին և Անա Բուչուկուրին հայտարարում են, որ ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի դեմ կազմակերպված «հարձակում» է իրականացվում «Վրացական երազանքի» որոշ անդամների և կուսակցությունը լքած անդամների կողմից։ Այս մասին պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել։
Նրանց խոսքով, «Վրացական երազանքի» ներկա և նախկին անդամներն ուժեղացրել են հակաարևմտյան քարոզը Վրաստանում և դեմ են երկրի ազգային շահերին, տարածելով, թե Ամերիկան ցանկանում է Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
«ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է, որը հիմնականում շահագրգռված է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովմամբ, ինչպես նաև երկրում ժողովրդավարության զարգացմամբ», — նշված է հայտարարության մեջ։
Պատգամավորների կարծիքով, վերոնշյալ փաստարկներից պարզ է դառնում, որ ապատեղեկատվական հայտարարությունները և հակաարևմտյան արշավը վնասում են Վրաստանի ազգային շահերին։
«Ըստ այդմ, խորհրդարանում մեր գործընկերներին կոչ ենք անում գործել երկրի ազգային անվտանգության շահերին համապատասխան։ Մենք նաև կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը օպերատիվ և համարժեք արձագանքել ապատեղեկատվության քարոզարշավին, որն ուղղված է հակաարևմտյան տրամադրությունների ամրապնդմանը», — նշել են պատգամավորները։