Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններ Վալերի Գելբախիանին և Շալվա Խաճապուրիձեն հայտնել են, որ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից, սակայն երրորդ նախագահի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը տեղեկությունը չի հաստատել:
Գելբախիանին հուլիսի 30-ին ասել էր, որ Սահակաշվիլին հեռանում է ՄԱՇ-ից և ընդհանրապես վրացական քաղաքականությունից՝ նշելով, որ «հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության»:
«Ինչո՞ւ են Սաակաշվիլիի փաստաբանները քաղաքական հայտարարություններ անում։ Փաստաբանի գործը որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելն է, այլ ոչ թե քաղաքական մեկնաբան լինելը»,- ֆեսբուքյան իր էջում գրել էր ՄԱՇ-ի պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։
ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիայի խոսքով, փաստաբանների հայտարարությունները Սաակաշվիլիի պաշտպանական ռազմավարությունն են։
«Իրենք ինձնից լավ գիտեն, թե ինչի մասին են խոսում, բայց ՄԱՇ-ի հիմնադիրը, որը կուսակցության անբաժան մասն է, բնականաբար, միշտ այս կուսակցության հետ է լինելու»,- ասել է Մելիան։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկիի խոսքով՝ երրորդ նախագահը պատիժ չի կրում նրա համար, որ մասնակցում կամ չի մասնակցում քաղաքականությանը.
«Կատարվել են կոնկրետ հանցագործություններ, և նա պատժվում է այդ հանցագործությունների համար»:
Ըստ Վոլսկիի՝ ինքը չգիտի, թե որքանով է անկեղծ Սաակաշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու մտադրությունը, սակայն, եթե նույնիսկ իրականում հեռանա, դա ոչինչ չի փոխի:
Խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով էլ՝ Սաակաշվիլիի հեռանալ-չհեռանալը մեծ հետք չի թողնի վրացական քաղաքականության վրա։
Մի քանի օր առաջ Սաակաշվիլիի որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, ասել էր, որ իր կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել հոր դերը քաղաքականության մեջ, ինչը կհեշտացնի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար կոնսենսուսի գալը՝ նախկին նախագահի առողջությունը բարելավելու համար։