Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարածած հայտարարության մեջ։
Վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
«Խորը ցավ եմ ապրում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։
Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։