Այսօր՝ հուլիսի 29-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ազգագրական պարերի ուսուցման բաց դասերի եզրափակիչ դասը։ Եկեղեցու բակն այսօր հատկապես մարդաշատ էր, հնչում էր հայկական երաժշտություն, ներկա էին երեխաներ և մեծահասակներ։ Ներկաներին ողջունեց և իր օրհնությունը բերեց նաև Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
Պարի դասերի նախաձեռնության հեղինակ, պարուսույց Նասլեթ Քեյանը նշում է, որ պարի բաց դասերը արդեն մեկ ամիս է, ինչ տեղի էին ունենում Ախալքալաքում՝ շաբաթը մեկ անգամ։ Նպատակը հետաքրքրված և պարելու ցանկություն ունեցողներին պարարարվեստին ծանոթացնելն էր և Ախալքալաքում մշակութային կյանքը խթանելը։
«Արդեն ավելի քան 10 տարի է գործում եմ պարարվեստի ոլորտում, գրեթե ամեն տարի անցկացնում ենք պարի բաց դասեր։ Սակայն, այս տարի հատկապես մեծ է և մեր և պարողների ոգևորությունը։ Անցկացնել բաց դաս նշանակում է մարդուն, ով ուզում է սովորել գոնե մեկ պարային շարժում, ընձեռել այդ հնարավորությունը։
Մինչև այս անցկացրած 3 բաց դասերի ընթացքում 7 պար ենք սովորել, իսկ այսօրվա ամփոփիչ 4-րդ դասի ժամանակ վերհիշեցինք սովորած պարերը և սովորեցինք նաև նոր պարեր և շարժումներ», — նշում է Քեյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
Պարուսույցը՝ պատմելով այն մասին, թե ինչպես ծագեց գաղափարը՝ անցկացնել բաց դասեր, նշում է, որ նպատակը ամառն ավելի արդյունավետ անցկացնելն էր, իսկ քաղաքացիներին դուր էր գալիս պարել ու կտրվել կենցաղից, ախալքալաքցիների ոգևորությունը և հետաքրքրությունը շատ մեծ էր։
«Եկեղեցու օգնությամբ կարողացանք կյանքի կոչել այս գաղափարը, մասնակցում և իրենց իմացածը ընկերների հետ կիսում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» պարի խմբի սաները, նաև ակտիվ մասնակցում էին Ախալքալաքի շրջանի գյուղերից պարողներ և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի պարի խմբի սաները», — ասում է Քեյանը։
11-ամյա Մետաքսիա Քեյանը, ով 3 տարեկանից սկսել է զբաղվել պարով, մեծ ոգևորությամբ է մասնակցել բոլոր բաց դասերին․
«Պարի բաց դասերը շատ եմ հավանել, դասերի շնորհիվ և՛սովորել եմ նոր պարեր, և ՛ սովորեցրել ուրիշներին։ Պարում եմ հայկական ազգագրական պարեր, իսկ իմ ամենասիրած պարը՝ Կարնո քոչարին է։
Ես առանց պարելու չեմ կարող ապրել, պարը դա ինձ համար միայն շարժում չէ, պարը մեր մշակույթն է, մեր ինքնությունն ու առանձնահատկությունը է։ Իմ հասակակիցներին, նաև ինձնից փոքր կամ մեծ տարիքի անձանց խորհուրդ եմ տալիս փորձել պարել, քանի որ պարը մարմնի լեզուն է», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է պարուհին։
Պարուսույց Նասլեթ Քեյանը նաև ընդգծում է, որ թեև բաց դասերը առայժմ ավարտվում են, կան բազում նախագծեր, որոնցից մեկը մոտ ապագայում պարի փառատոն անցկացնելն է։
«Դամալա գյուղում, որը Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղն է, նախատեսվում է օգոստոսի 6-ին անցկացնել պարի փառատոն, որին կմասնակցեն նաև պարի խմբեր Հայաստանից, ուստի բոլոր ցանկացողները կարող են գալ և մասնակցել», — հայտարարեց Նասլեթ Քեյանը։
Դամալա գյուղի պարի խումբը ակտիվ մասնակցություն է ունեցել պարի ուսուցման բաց դասերի ընթացքում, Դամալայի մշակույթի տան ղեկավար Վարսենիկ Սաղաթելյանը ոգևորությամբ նշում է, որ գյուղի երիտասարդները ուրախ են սովորել պարել․
«8 տարի է ինչ մեր գյուղում գործում է պարի խումբ, քանի որ մունիցիպալիտետի միակ հայաբնակ գյուղն է, էլ ավելի մեծ է երիտասարդների ոգևորությունը պահպանել հայկական մշակույթը և փոխանցել այն եկող սերունդներին»,- հավելեց Սաղաթելյանը։