Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանիի գլխավորությամբ, այցելել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, հայտնում է ՊՆ-ի ֆեսբուքյան էջը:
Նշվում է, որ այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպել են Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիփիի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Վրաստանի հաջող համագործակցությունը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակին, հիբրիդային մարտահրավերներին և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղիներին։ Լելա Չիքովանին շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար։ Փոխնախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է զարգացնել իր պաշտպանունակությունը և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ։ Նշվել է Միացյալ Թագավորության նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) իրականացման գործում»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն՝ հանդիպման ավարտին Մեծ Բրիտանիայի պետնախարարը և Վրաստանի պաշտպանության փոխնախարարը ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր, որտեղ Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր ամուր հանձնառությունն ու աջակցությունը Վրաստանին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտումներին․
«Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Միացյալ Թագավորության պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի, ինչպես նաև Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) ղեկավարի հետ։
Պատվիրակության անդամները եղել են նաև Անվտանգության ուսումնասիրությունների Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտում (RUSI), որտեղ մասնակցել են Եվրատլանտյան անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին»:
Հանդիպումներին մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն, Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպան Սոֆյա Քացարավան և ռազմական կցորդ, բրիգադային գեներալ Մալխազ Մակարաձեն։