Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտուրը կարող է ընդլայնվել:
Չավուշօղլուի խոսքով՝ ներկայումս տնտեսական հարաբերությունների առումով իրավիճակն ավելի շատ Թուրքիայի օգտին է, և այն պետք է հավասարակշռել այնպես, որ հնարավորինս ձեռնտու լինի նաև Վրաստանին։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններին։ Ինչպես տեսնում եք, մեր ապրանքաշրջանառությունը բավականին մեծ է և տպավորիչ։ Անցյալ տարի այն գերազանցեց երկու միլիարդ դոլարը, սակայն մեր երկրների ղեկավարների հանդիպմանը խնդիր դրվեց, որ այս տարի և մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը գերազանցի երեք միլիարդ դոլարը։ Կարծում եմ, որ մենք պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունը և աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։
Դարչիաշվիլիին իր հերթին նշել է, որ ապրանքաշրջանառության նշաձողը է սահմանվել 3 մլրդ դոլարը։
Նրա խոսքով, համատեղ ջանքերով Վրաստանն ու Թուրքիան շատ շուտով կհասնեն այս նշագծին, ինչի արդյունքում կորոշվի նոր նշաձող, որն էլ ավելի կամրապնդի և կխորացնի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:
Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ներդրումային միջավայրի զարգացման կարևորության մասին.
«Ներդրումների առումով մենք ամեն կերպ փորձում ենք մեր պետական կառույցների կողմից հնարավորինս աջակցել երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ կողմնորոշվել այս գործընթացում, և մի կողմից՝ Վրաստանի ներդրումային շուկան ավելի գրավիչ է դառնում Թուրքիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար, և հակառակը, վրացի գործարարներին հետաքրքրում է Թուրքիայի ներդրումային շուկան»։