Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով՝ ինքը թուրք գործընկերոջ հետ խոսել է բարձր մակարդակի այցերի անհրաժեշտության մասին, նաև՝ մոտ ապագայում նախագահ Էրդողանի հնարավոր այցի մասին Վրաստան։ Սրա մասին վրացի դիվանագետը խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։
«Այսօր մենք քննարկել ենք մեր երկրներին առնչվող շատ կարևոր հարցեր, կարծիքներ ենք փոխանակել տարբեր խնդիրների շուրջ և կազմել ապագայի ծրագրեր։ Նաև խոսեցինք բարձր մակարդակի այցերի անհրաժեշտության մասին, դրանց թվում՝ մոտ ապագայում նախագահ Էրդողանը, հավանաբար, կայցելի Վրաստան»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում ապացուցվել է, որ իրենք միմյանց վստահելի գործընկեր և բարեկամ են, և այսօրվա հանդիպումը նաև հնարավորություն էր քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցության խնդիրները։
«Հատուկ շեշտադրվել է տարածաշրջանային առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարը։ Չեմ կարող չընդգծել, թե որքան արժեքավոր է մեզ համար Թուրքիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։