Վրաստանում մեկ քաղաքացի է ձերբակալվել մինչև 10 հազար լարիի չմաքսազերծված ծխախոտ պահելու համար, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
«Քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալի Թբիլիսիում գտնվող տնից առգրավվել է 9 հազար 658 լարի արժողությամբ 2 հազար 195 տուփ տարբեր անվանական արժեքի չմաքսազերծված ծխախոտ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով»,- գրված է քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ի դեպ, այս տարվա ընթացքում չմաքսազերծված ծխախոտի պահեստավորման և իրացման փաստով ձերբակալվել է 174 անձ: