ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափով: Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները:
Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.
- Ուսուցում մանկապարտեզում,
- Ուսուցում մեկօրյա դպրոցում,
- Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
- Հայոց լեզվի և գրականության դասավանդում,
- Հայ մշակույթի պատմություն և արվեստ,
- Հայոց պատմություն,
- Տնօրենների վերապատրաստում:
Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները):
Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի:
Այլ մանրամասների համար անցեք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջ։