Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին փոխանցելու Աբխազիայի մտադրության մասին` պնդելով, որ դա վրացական տարածքի բռնակցում է Ռուսաստանին։
«Սա շարունակական օկուպացիայի արդյունք է։ Ես կտրականապես դատապարտում եմ դա և միջազգային հանրությանը կոչ եմ անում արձագանքել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները կոչ են արել խորհրդարանին` վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը փոխանցել Ռուսաստանին։
Ըստ աբխազական կողմի՝ խոսքը 2022 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի մասին է, որը նախատեսում է անշարժ գույքի անվճար փոխանցում Ռուսաստանի Դաշնությանը։
Պաշտոնական տեղեկություններով՝ դե ֆակտո խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամները խորհրդարանին խորհուրդ են տվել հաջորդ նստաշրջանում ընդունել նշված օրենքը։