Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողին ուղղված վիրավորանքներին տրված գնահատականներին, ասել է, որ լրագրողը Կոբախիձեին սադրել է։ Պապուաշվիլին Կոբախիձեի վարքն ագրեսիվ չի գնահատում, ավելին` էթիկայի խախտման համար դատապարտում է լրատվամիջոցներին։
«ԵԱՀԿ–ն իր եզրակացության մեջ նշել է, որ լրատվամիջոցները, ցավոք, դարձել են քաղաքական ակտիվիստներ, այդ թվում՝ վերջին երկու օրերին մենք տեսանք զրպարտչական քարոզարշավ, որի գագաթնակետը երեկ հնչած հարցն էր այն ձևակերպմամբ` ինչպիսին և պատասխանն էր: Սա օրինակ էր, թե ինչպես են քարոզչական գործիքներն օգտագործվում լրատվամիջոցների միջոցով»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա գնահատմամբ, որոշ լրատվամիջոցներ դարձել են քաղաքական ակտիվիստներ:
Պապուաշվիլին նաև մեղադրում է լրատվամիջոցներին բևեռացման համար և ասում, որ ապաբևեռացման համար անհրաժեշտ է մեղմացնել հռետորաբանությունը։ Նա կոչ է անում լրատվամիջոցներին` քաղաքականություն մտնելու փոխարեն, վերադառնալ բարոյական լրագրության ակունքները: