Վրաստանում երեք ամիս առաջ ուժի մեջ է մտել վարորդական իրավունքի ստացման կարգի փոփոխությունը. վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննությունը երկու փուլ է դարձել։ Մասնավորապես, փակ դաշտում քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո վարորդները պետք է մեքենա վարեն քաղաքում։
Թբիլիսիի ավտոդպրոցներից մեկի՝ «Art Drive»-ի հիմնադիր Գիորգի Բերիշվիլին, հայտնել է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ավտոդպրոցի 200 աշակերտներից միայն 17-ն են առաջին ամսում անցել իրական երթևեկության պայմաններում հանձնվող քննությունը։
«Գործնական քննության առաջին փուլն անցնելու համար քաղաքացին ունի մեկ ամիս ժամանակ, իսկ երկրորդ փուլի համար՝ 1 տարի։ Առաջին ամսում մեր 200 աշակերտներից քննությունը հանձնել են 17-ը, հետո վարորդները հետզհետե ընտելացան, այժմ 60-70 տոկոսը հանձնում է քննությունը»,- ասել է Բերիշվիլին։
Ի դեպ, ավտոդպրոցի հիմնադրի խոսքով, գնաճի պայմաններում և վառելիքի թանկացման ֆոնին վարորդը ստիպված է նախկինից ավելի շատ քննության գումար վճարել։
«Տեսական և գործնական քննություններին պատրաստվելը և քննության վճարը մուծելը միասին` միջին չափով 500-600 լարի է կազմում, այսինքն` գներն աճել են 10 տոկոսով», — հայտնել է Բերիշվիլին։