Օգոստոսի 1-ից սկսվում է Վրաստանի օկուպացված տարածքներում բնակվող ուսանողների՝ առանց միասնական ազգային քննություններ հանձնելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու դիմումների ընդունումը։
«Վրաստանի օկուպացված տարածքներում ապրող անձինք, որոնք սովորել են վերջին 2 տարում և ստացել իրենց ամբողջական հանրակրթությունը հաստատող փաստաթուղթ օկուպացված տարածքում գտնվող հանրակրթական հաստատությունում, իրավունք ունեն ընդունվելու Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ` առանց միասնական ազգային քննությունների», — հաղորդում է Հարավային Օսիայի ժամանակավոր վարչությունը։
Տեղեկության համաձայն՝ առանց միասնական ազգային քննություններ հանձնելու բուհ ընդունվելու և ֆինանսավորում ստանալու իրավունք տալու հիմքը դիմորդի ներկայացրած դիմումն է էլեկտրոնային տարբերակով։
Այս հնարավորությունից հիմնականում օգտվում են Ախալգորիում բնակվող դիմորդները։ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու ցանկություն ունեն նաև Գորիի քաղաքապետարանին սահմանակից օսական գյուղերի երիտասարդները։ Վրաստանի կառավարության որոշմամբ, արտոնություններից օգտվում են նաև օկուպացված տարածքների մերձակա գյուղերի դիմորդները։