Վրաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության փորձագետները պահանջում են փոփոխել վարորդական իրավունքից միավորների հանման համակարգը, այսօր՝ հուլիսի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է «Վրաստանի դաշինք հանուն անվտանգ ճանապարհների» կազմակերպության նախագահ Էկա Լալիաշվիլին։
Նրա խոսքով, զոհերի կամ լուրջ վնասվածքների պատճառ դարձած ճանապարհային երթևեկության խախտումների թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է օրինախախտ վարորդներին պատժել և միավորներ հանել խելացի տեսախցիկների հիման վրա, քանի որ դրա համար ոստիկանության մարդկային ռեսուրսները բավարար չեն։
«Կարծում եմ, որ այստեղ մենք պայքարում ենք այն օրինախախտ վարորդների դեմ, ովքեր բացահայտ խախտում են անում ու չեն պահպանում կանոնները։ Միայն դրամական տուգանքը բավարար չէ, քանի որ նման կերպ վարող վարորդները տուգանքը վճարելու ֆինանսական խնդիրներ չունեն։ Նրանց խոչընդոտը կլինի միավորների առավել արդյունավետ կառավարումը։
Ուստի բալային համակարգի կիրառումը պետք է իրականացվի խելացի տեսախցիկների միջոցով, որպեսզի վարորդներն զգան, որ իրենց կատարած խախտումներն արձանագրվում են։ Քանզի ոստիկանության մարդկային ռեսուրսները բավարար չեն»,- պարզաբանել է Լալիաշվիլին
Ըստ նրա՝ նախորդ տարի զրոյացվել է ընդամենը 92 հոգու միավորները, ինչին, բնականաբար, հետևել է վարորդական իրավունքից զրկելը, սակայն դա շատ քիչ է՝ համեմատած ճանապարհային երթևեկության կատարված խախտումների թվի հետ։